IV Conference Capital Markets Armenia. Երևանում կայացել է Հայաստանի կապիտալի շուկաներին նվիրված խոշոր համաժողովը

IV Conference Capital Markets Armenia. Երևանում կայացել է Հայաստանի կապիտալի շուկաներին նվիրված խոշոր համաժողովը
մարտ 14, 2026

2026 թվականի մարտի 13-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ Cbonds ընկերության կողմից կազմակերպած «IV Conference Capital Markets Armenia» համաժողովը։ Միջոցառումը համախմբել էր շուրջ 250 մասնակցի, այդ թվում՝ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների, բանկային և ներդրումային ոլորտի մասնագետների։

Համաժողովի նպատակն էր քննարկել Հայաստանի ֆինանսական համակարգի զարգացումը, արժեթղթերի շուկայի հեռանկարներն ու թվային տեխնոլոգիաների ներդրումը։

Համաժողովի օրակարգն ընդգրկում էր 4 պանելային քննարկումներ, որտեղ կարևոր մտքերով կիսվեցին ոլորտի առաջատար փորձագետները, այդ թվում՝ առանցքային դերակատաում ունեցան ՖԻՆԱՐՄ-ի անդամ կառույցների ներկայացուցիչները։

 

Տնտեսական հեռանկարներ. Հայաստանի տնտեսությանը և ֆինանսական համակարգին նվիրված պանելային քննարկումը վարում էր ՖԻՆԱՐՄ-ի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը, որի ընթացքում բազմակողմանիորեն արծարծվեցին Հայաստանի տնտեսական զարգացման հայեցակարգի, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության առանձնահատկությունների, շուկայի կարգավորման և զարգացման հեռանկերների վերաբերյալ հարցերը։ Քննարկմանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, ՀՀ Կենտրոնական բանկի դեպարտամենտի տնօրեն Կարեն Բաբայանը, ինչպես նաև «Յունիբանկ»-ի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը, Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը և Եվրասիական կապիտալի շուկաների ֆեդերացիայի (FEAS) գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը:

«Ներքին կապիտալի շուկան, ենթակառուցվածքները և ներդրումային գրավչությունը». Համաժողովի այս հատվածում Սիրիուս Կապիտալի գլխավոր տնօրեն Արարատ Մկրտչյանը ներկայացրեց շուկայի համապարփակ վերլուծությունը, ինչպես նաև հատկանշական զեկույցներով հանդես եկան ԱՄԻՕ Բանկի ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելքոնյանը («Տեղական շուկայի հնարավորությունները»), Արդշինբանկի ֆինանսական տնօրեն Գարեգին Գևորգյանը («Կապիտալի շուկայի զարգացման միտումները»)։

Գլոբալ շուկաներ և ներդրումներ. Միջազգային շուկաներում առկա հնարավորությունների թեմայով քննարկման ժամանակ, որը վարում էր Meta-X ներդրումային ընկերության ներդրումային կառավարիչ Բենիամին Ֆարբերը, իրենց դիտարկումներով կիսվեցին Լիմիթլես Ասեթ Մենեջմենթի հիմնադիր Արտյոմ Զաքարյանը, Սիրիուս Կապիտալի ներդրումային տնօրեն Ելիզար Բուբնովը, ինչպես նաև Վիլկո ներդրումային ընկերության պորտֆելի կառավարման բաժնի ղեկավար Դենիս Ագապոնովը։

Թվային ֆինանսներ և AI. Տեխնոլոգիական փոխակերպման վերաբերյալ իրենց փորձով կիսվեցին Unibank-ի ՏՏ խորհրդատու Բենիամին Թադևոսյանը և Սիրիուս Կապիտալի Թրեյդինգի ղեկավար և գործընկեր Հրայր Սարգսյանը։

Միջոցառումը արժեքավոր հարթակ ծառայեց Հայաստանի տնտեսական և ֆինանսական շուկայի հնարավորությունների ներկայացման, Հայաստանի ֆինանսական հատվածի հետագա զարգացման ուղղությունները քննարկելու, ինչպես նաև մասնագիտական փորձի փոխանակման համար։

 

 

 

 

Վերադառնալ Նորությունների բաժին