Տելեկոմ Արմենիա
«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն (բրենդը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որն առաջատար դիրք ունի երկրի հեռահաղորդակցության և ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում։
Հանդիսանալով Հայաստանի առաջին հեռահաղորդակցության ցանցի ժառանգորդը՝ ընկերությունն ունի ոլորտում ծառայությունների մատուցման 100-ամյա պատմություն։ Համադրելով հարուստ փորձն ու առաջադեմ տեխնոլոգիաները՝ Team-ը հուսալի և նորարարական ծառայություններ է մատուցում թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ հաճախորդներին։
Ընկերությունը Հայաստանի Հանրապետության տարածքում մատուցում է շարժական և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, շարժական և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ Ծառայությունների բարձր որակն ապահովելու նպատակով 2021 թվականին Team-ը մեկնարկեց իր ռազմավարական նախագիծը՝ տարածաշրջանում եզակի NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը՝ 25 Գբ/վ թողունակությամբ։ Nokia ընկերության հետ համատեղ իրականացված այս նախագծի արդյունքում ցանցն արդեն հասանելի է ավելի քան 330 հազար տնային տնտեսությունների Երևանում և մարզերում։ Մոտ ապագայում այս ցանցը բարձրորակ կապով և ինտերնետով կապահովի Հայաստանի բոլոր բնակիչներին։
Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը բարձրացնելու, ինչպես նաև երկրի կախվածությունն արտերկրում տեղի ունեցող վթարներից նվազեցնելու նպատակով, 2024 թվականի սկզբին Team-ը գործարկեց ավելի քան 1 Տբիթ/վ թողունակությամբ միջազգային երրորդ մալուխը, որը նոր՝ այլընտրանքային երթուղով Հայաստանը միացնում է Եվրոպայի տվյալների փոխանակման խոշորագույն կենտրոնին՝ Ֆրանկֆուրտին։
Ընկերությունը նաև հիմնովին արդիականացրել է իր DWDM ցանցը՝ հասանելիություն ապահովելով Մերձավոր Արևելքի տարանցիկ կապի և ինտերնետի վաճառքի շուկային։ Կարճ ժամանակահատվածում Team-ը դարձել է այս ուղղությամբ ինտերնետ արտահանող խոշորագույն ընկերություններից մեկը՝ ծառայություններ մատուցելով Մերձավոր Արևելքի 5 երկրների։
Հայաստանում էլեկտրամոբիլների օգտագործումը հանրայնացնելու և այն ավելի հեշտ ու հաճելի դարձնելու նպատակով՝ Team Telecom Armenia-ն ողջ Հայաստանում կառուցում է Team Energy արագ լիցքավորման կայանների ցանց։ Այս ցանցի զարգացումը նորարարական լուծումների միջոցով դրական ազդեցություն կունենա նաև շրջակա միջավայրի վրա։
«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն Հայաստանում հեռահաղորդակցության առաջին ընկերությունն է, որն իրականացրել է բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխում (IPO)՝ դառնալով էլ ավելի բաց և հանրային։ Ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայում։
Իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում ընկերությունն աջակցում է տեխնոլոգիական, կրթական ու գիտական, ինչպես նաև բնապահպանական նախագծերի իրականացմանը, խթանում է հայկական բովանդակության ստեղծումն ու տարածումը, մարզերի զարգացումը և թիմային ոգին խրախուսող մարզական միջոցառումների ու նախաձեռնությունների իրականացումը։
Հայկ Եսայան, Գլխավոր տնօրեն
Ազատության 24/1, Երևան 0014, Հայաստան